Ծնողները տարբեր պատճառներով հրաժարվում են պատվաստել երեխային` նաև կրոնական

Պատվաստումների շնորհիվ վերջին 20 տարում ամբողջ աշխարհում փրկվել է մոտ 20 միլիոն կյանք:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները պատվաստումներին վերաբերվում են որպես հրաշքի, որոնց շնորհիվ վերջին 20 տարում ամբողջ աշխարհում փրկվել է գրեթե 20 միլիոն կյանք:

Պատրաստ են անընդհատ խոսել պատվաստումների անհրաժեշտությունից, ներգրավելով համախոհների:

Ապրիլի 22-ին մեկնարկում է «Իմունիզացիայի Եվրոպական շաբաթ»-ը, ինչը լավ առիթ է մեկ անգամ ևս խոսելու պատվաստումների արդյունավետության մասին: Դեռ շատ են ծնողները, որոնք հրաժարվում են պատվաստել երեխային: Պատճառաբանությունները տարբեր են: Մանկաբույժներն ասում են, որ ոմանք դա հիմնավորում են իրենց կրոնական հայացքներով:

Ծնողների մի խումբ էլ պատվաստումներից հրաժարվում է` վախենալով երեխայի օրգանիզմի ռեակցիայից` ջերմությունը կբարձրանա, երեխան կթուլանա եւ այլն: Բժիշկները հավաստիացնում են, որ ՙպատվաստում՚ չի նշանակում ՙարհեստականորեն հիվանդացնել՚: Երեխան չի հիվանդանում: Պատվաստանյութի ներարկումից հետո նրա իմունային համակարգը նախապատրաստվում է` դիմակայելու իրական հիվանդությանը: Իսկ այն ծնողներին, ովքեր կասկածներ ունեն Հայաստան ներկրվող պատվաստանյութերի ժամկետների եւ որակի մասին, պատասխանում են Պատվաստանյութերի ազգային պահեստում: Այստեղ չկա պատվաստանյութի գոնե մեկ սրվակ, որի ժամկետն անց է կամ փոխված է ջերմաստիճանային ու խոնավության ինդիկատորների գույնը:

Պատվաստանյութերի ազգային պահեստի ղեկավարը սառցե պայուսակները` պատվաստանյութերով հասցրել է Ծաղկաձոր` լրագրողներին մեկ առ մեկ ցույց տալու դրանց պիտանելիության ժամկետներն ու ներարկիչների օգտագործման ձեւը:

Առողջապահության ոլորտի կազմակերպիչները վստահեցնում են, որ պատվաստումն անվտանգ է եւ ապահովում է երեխայի հետագա անվտանք կյանքը: Պատվաստումներն իրականացվում են հիմնականում նորածին երեխաների շրջանում, մինչեւ 2 տարեկանը: Պատվաստումների Ազգային օրացույցով, ծնվելուց 24-48 ժամ հետո երեխային պատվաստում են տուբերկուլյոզի եւ հեպատիտ Բ-ի դեմ, 1.5 ամսականում ներարկում են հնգավալենքտ պատվաստանյութ` դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, հեմոֆիլուսային վարակի եւ հեպատիտ Բ-ի դեմ: Նույն տարիքում է երեխան պատվաստվում նաեւ ռոտավիրուսային, պնեւմակոկային վարակների եւ պոլիոմիելիտի դեմ: 3 ամսականում նա ստանում է նույն պատվաստանյութերի երկրորդ, 4.5-ում` երրորդ չափաբաժինները: Մեկ տարեկանում երեխային պատվաստում են կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ: 1.5 տարեկանում նա ստանում է հնգավալենտ եւ հակապոլիոմիելիտային պատվաստանյութերի 4-րդ չափաբաժինը: 6 տարեկանում ավելանում է նաեւ փայտացումից պաշտպանող պատվաստանյութը, որը կրկնում են 15-16 տարեկանում:

Աղբյուրը՝ http://www.armnewstv.am